Ֆորեսթբրիջ. Քաղաքային Միջավայր Դիլիջանի Անտառում

Սկզբնաղբյուր: www.construction.am

Մեր օրերում շատերն են նախընտրում բնությանը մոտ բնակավայրերը։ Մեծ քաղաքների քաոսից ու աղտից ձգտում են հեռանալ հանգստի գոտիներ, որտեղ կան իրենց աշխատանքի, կենցաղի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները։ Այս պահանջին ընդառաջ վերջին շրջանում զարգացել է «կանաչ ճարտարապետությունը». նախագծվում են բնությանը համահունչ, բնությանը ձուլված կառույցներ։ Դրանք միայն ծաղկե թաղարներն ու կանաչապատ ճակատները չեն։ Ժամանակակից ճարտարապետության մեջ ավելի ու ավելի տիրապետող է դառնում մարդու և բնության ներդաշնակության գաղափարը։ Նախագծվում են կառույցներ, որոնք ձուլվում են բնական լանդշաֆտին. շինությունը դառնում է բնանկարի շարունակությունը։ Հայաստանում նույնպես նախագծվում են նման կառույցներ։ Դրանցից մեկի մասին էլ կլինի մեր հոդվածը. «Արխանգել» ճարտարապետական արվեստանոցի «Ֆորեսթբրիջ» Նախագիծը:

«Ֆորեսթբրիջ» բնակելի-հասարակական համալիրը նախատեսվում է կառուցել Դիլիջան քաղաքին հարակից անտառապատ տարածքում (Բեսթ Վեսթեռն հյուրանոցին հարակից տարածքում): Մայրուղուց տեսանելի կլինի համալիրի վերին փոքր հատվածը, և այն չի խաթարի բնության ընդհանուր տեսարանը։ Շինությունը կառուցվելու է խիտ անտառային տարածքում գտնվող փոքր բացատում, որն ունի ձագարաձև խորություն։ «Ֆորեսթբրիջ» նախագիծը ստեղծվել է «Արխանգել» ճարտարապետական արվեստանոցում։ Արվեստանոցի հիմնադիր-ղեկավար Արտակ Կնյազյանն ասում է. «Խնդիրը բարդ էր նրանով, որ տեղանքում ծառ չի հատվելու և կարևոր էր, որ կառույցը ձուլվի միջավայրին: Ու արդեն էական էլ չէ, թե կերևա այն ինչ-որ տեղից թե ոչ, որովհետև ծառերն այն այսպես թե այնպես փակում են: Գաղափարն էր կառուցել մի շինություն, որը քեզ չի կտրում անտառից՝ թույլ տալով անընդհատ զգալ նրա կենարար էներգիան, քեզ զգալ որպես անտառի անբաժան մասնիկ։ Բայց մյուս կողմից այն բազմահարկ շինություն է՝ երեք մասնաշենքով, իր բոլոր արդիական հարմարություններով, որը միևնույն ժամանակ չի խաթարում ընդհանուր տեսարանը, չի առանձնանում ու չի հակադրվում»:

Համալիրը լինելու է բնության մեջ՝ բնական միջավայրին համաձուլված մի կառույց, որը ոչ թե մարդուն կտրում է բնությունից, այլ միավորում բնության հետ։ Բնությունը ներխուժում է ճարտարապետության մեջ, ճարտարապետությունը դարձնելով բնության հետ մեկ ամբողջություն։ Դրան, ինչպես նշում է Արտակ Կնյազյանը, նպաստել է ճարտարապետական մի քանի լուծում. ճակատներին ստեղծել են կանաչապատ հատվածներ՝ «դրանով ասես ներողություն խնդրելով բնությունից»։ Ըստ էության նախկին բացատը լրացվել է կանաչով՝ բոլոր պատշգամբներն ունեն թաղարներով ծառեր, փայտե ուղղահայաց չորսուներ։

Տեղանքի ձագարաձևությունը ներշնչել է կամրջակներով շենքը անտառին կապելու միտքը: «Դա թույլ է տալիս ավելի արագ, բոլոր մակարդակներում ստեղծված հաբերից (hub), առանց ինչ-որ զրոյական մակարդակի հասնելու, անտառ դուրս գալ՝ ապահովելով անմիջական ներդաշնակ կապը բնության հետ»:

Երեք մասնաշենքերի միջև նախագծված երկու ապակեպատ աստիճանավանդակավոր հանգույցներից ու կամուրջներից բացի, համալիրի մյուս առանձնահատկությունը ցանցով պատշգամբների քողարկումն է։ Անտառապատ միջավայրը հաճելի է, օգտաշահ, բայց մյուս կողմից քամու հետ պատշգամբներում հաճախ են հայտնվում տերևներ, չոր ոստեր և այլն: Իսկ ցանցը չեզոքացնում է դրանք։

Նախագծի գլխավոր ճարտարապետ Տիգրան Սահակյանը ներկայացնում է նախագծի որոշ մանրամասներ։ Շինությունը կառուցվելու է մոտ 2000 մ² ընդգրկող ձագարաձև բացատում։ Առաջին հարկը լինելու է հասարակական գոտի՝ ռեստորանով, սրճարանով, խաղային և սպասարկման այլ գոտիներով, դրանց դիմաց գտնվելու է ընդհանուր լողավազանը։ Լողավազանի ջրերը ֆիլտրացիոն համակարգով տեսողական կապվում են մոտակայքում հոսող գետակի հետ՝ կրկին անգամ ընդգծելով կապը բնության հետ։

Հասարակական գոտուց վերև բարձրանում են բնակելի 6, 7, 9 հարկանի մասնաշենքերը։ «Մասնաշենքերն իրար միացնող հանգույցներն ապակեպատ են։ Դա տպավորություն է ստեղծում, թե բնությունն անցնում է շենքի միջով, և դրանցից կամրջակներով ստեղծվող անմիջական կապն էլ ավելի է ներդաշնակեցնում շենքը, շենքում գտնվողին ու բնությունը։ Իսկ պատշգամբների կանաչը ուղղահայաց անտառի տպավորություն է ստեղծում, ասես անտառի բնական շարունակությունը լինի», – ասում է Տիգրան Սահակյանը։

Շինությունը երեսապատված է լինելու սպիտակ քարով, որի վրա կանաչ գոտիներով ստեղծվող հակադրությամբ ևս ընդգծվել է կապը բնության հետ։ Համալիրը կունենա 2,5 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի։

Ծառահատումներ տարածքում չեն արվելու, ավելին՝ պատշգամբներում տեղադրվող ծառերով լրացվելու է անտառը՝ շենքը բնության հետ համաձույլ դարձնելով։ Այս նախագիծը ուղղահայաց անտառ-կառույցի հետաքրքիր օրինակ է՝ միտված ապագային և ապագայի ճարտարապետությանը։